Ծանրամարտից ուսանողական համաշխարհային երրորդ խաղերում այսօր մրցասպարեզ դուրս եկավ 77 կիլոգրամ քաշային Սամվել Գրիգորյանը, ում մարզասերը վարժվել է տեսնել 69-ների մրցավեճում: Պոկում վարժությունում հաջողությամբ ավարտելով երեք մոտեցումները` մեր մարզիկը կանգնեց սահմանային 149 կիլոգրամի վրա, որը նշանակեց երկրորդ հորիզոնական: Երկրորդ վարժությունում նախնական 178 կիլոգրամ պատվերը մարզիկին տրվեց միայն երկրորդ մոտեցումից, որն այդ պահի դրությամբ արդեն իսկ նշանակում էր մրցանակային տեղ: Պոկում վարժությունը ձախողումով սկսած մոլդովացի Դումիտրու Կապտարին երրորդ մոտեցման համար պատվիրեց 183 կգ քաշ ու ծանրաձողը պահեց գլխավերևում: Երկամարտում դա նշանակեց 328 կիլոգրամ ու մրցանակային երրորդ տեղ, քանի որ մեր մարզիկը սանձեց նաև 184 կգ կշռող ծանրաձողը (ի դեպ` սա վարժությունում տասնչորս մրցակիցների մեջ ցույց տված ամենաբարձր արդյունքն է), երկամարտում ցույց տալով 333 կիլոգրամ: Այն մարզիկին բերեց խաղերի փոխչեմպիոնի կոչում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ